Ո՞վ է Մարդու իրավունքների պաշտպանը:

Մարդու իրավունքների պաշտպանն այն անձն է, ում իրենց իրավունքների պաշտպանության համար կարող են դիմել բոլորն այն դեպքում, երբ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ պաշտոնատար անձ, իսկ որոշ դեպքերում էլ կազմակերպություն խախտել է իրենց իրավունքները:

Ինչպե՞ս դիմել:

Մարդու իրավունքների պաշտպանին կարող են դիմել զանգահարելով, գրավոր կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով կամ գալով Պաշտպանի գրասենյակ:

Ի՞նչ է լինում, երբ դիմում ես ուղարկում Մարդու իրավունքների պաշտպանին:

Քո դիմումը ստանալուց անմիջապես հետո այն ուղարկվում է համապատասխան մասնագետի: Լինում են դեպքեր, երբ դիմումում կան հարցեր, որոնք ճշտման կարիք ունեն և այդ դեպքում մեր մասնագետները կապ կհաստատեն քեզ հետ: Դիմումը ստանալուց հետո մասնագետը ուսումնասիրում է այն և եթե քո կողմից նշված փաստերը և օրենքը թույլ են տալիս, ապա սկսվում է դիմումի քննարկման ընթացակարգ:

Շատ կարևոր է իմանալ, որ նույնիսկ այն դեպքում, երբ, հաշվի առնելով օրենքի պահանջները, մենք չենք կարող սկսել քո դիմումի քննարկումը, ապա մենք անպայման կուղղորդենք քեզ այն մարմին, որը կարող է տվյալ պարագայում պաշտպանել քո իրավունքները և կհետևենք, որպեսզի քո իրավունքները և շահերը պաշտպանվեն:

Ո՞վ կարող է բողոք ներկայացնել Պաշտպանին:

Բոլորն իրավունք ունեն բողոք ներկայացնել Պաշտպանին:

Ի՞նչպես գրել բողոքը:

Մենք հասկանում ենք, որ հաճախ դժվար է ձևակերպել և թղթին հանձնել մտքերը, երբ քո իրավունքները խախտվել են: Պաշտպանին ուղղված բողոքում դու կարող ես ազատ ոճով գրել քո խնդիրն այնպես, ինչպես դու այն կպատմեիր քո մտերիմ ընկերոջը:

Ի՞նչ պետք է գրել բողոքում:

Բողոքում պետք է նշես քո անունը, քանի որ օրենքը Պաշտպանին թույլ չի տալիս քննարկել անանուն բողոքներ: Դրանով դու մեզ թույլ ես տալիս հեշտությամբ պաշտպանել քո իրավունքները: Մենք ոչ մի դեպքում չենք հայտնի քո անունը այլ մարմնի, եթե, իհարկե, դու դա չցանկանաս:

Ե՞րբ Պաշտպանը չի կարող օգնել քեզ:

Եթե  վիճել ես քո ընկերների, ծնողների, մտերիմների հետ կամ կարծում ես, որ նրանք խախտում են քո իրավունքները, ապա այս դեպքում Պաշտպանը քեզ չի կարող օգնել: Ամեն դեպքումվ, դու կարող ես դիմել Պաշտպանին և մեր մասնագետները քեզ խորհուրդ կտան, թե դու ի՞նչ կարող ես անել և կներկայացնեն, թե ի՞նչ իրավունքներ ունես:

Ի՞նչ անել, երբ պարզապես քո իրավունքների հետ կապված հարց ունես:

Քո իրավունքներին վերաբերող ցանկացած հարց դու կարող ես ուղղել Պաշտպանին, և մեր մասնագետները կտրամադրեն խորհրդատվություն:

Արդյո՞ք Պաշտպանին դիմելու համար անհրաժեշտ է վճարել:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմելն անվճար է:

Ինչպե՞ս է Պաշտպանը օգնելու քեզ վերականգնել քո իրավունքները:

Քննարկելով բողոքը և տեսնելով մարդու իրավունքների և ազատությունների խախտում՝ Պաշտպանն առաջարկում է տվյալ խախտումը կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին վերացնել թույլ տրված խախտումները:

Պաշտպանը նաև նշում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ և կատարման ենթակա հնարավոր միջոցառումները:

Պաշտպանն իրավասու է առաջարկել իրավասու պետական մարմիններին՝ կարգապահական կամ վարչական տույժի ենթարկել կամ քրեական պատասխանատվության կանչել այն պաշտոնատար անձին, որի որոշումներով կամ գործողություններով (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նաև ձեռնարկել օրենքով նախատեսված այլ գործողություններ: