ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի երեխաները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում

Այսօր՝ հունիսի 2-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ճանաչողական այցով հյուրընկալեց Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի երեխաներին:

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Իրավական վերլուծության վարչության պետ  Լուսինե Սարգսյանը և Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը  շնորհավորեցին երեխաներին տոնի առթիվ և մատչելի կերպով ներկայացրին Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության շրջանակները, մասնավորապես՝ երեխաների իրավունքներին և բարեկեցությանն առնչվող հիմնական հարցերն ու իրավական դրույթները` միաժամանակ անդրադառնալով միջազգային փորձին և զարգացումներին:

ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի երեխաները  Պաշտպանին դիմելու ձևի և կարգի, Պաշտպանի՝ օրենքով սահմանված լիազորությունների և երեխաների իրավունքներին վերաբերող հետաքրքրական  հարցերն ուղղեցին գրասենյակի ներկայացուցիչներին՝ ստանալով սպառիչ ու բովանդակալից պատասխաններ:

Երեխաներին հատկապես հետաքրքրեց կրթական իրավունքը, որի կապակցությամբ մասնագետները ներկայացրին կրթական հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ նախադեպային օրինակներ: