
Իրավական մշակույթի փոփոխությունների համար էական է յուրաքանչյուր երիտասարդի ակտիվ մասնակցությունը. ՄԻՊ Անահիտ Մանասյանը աշակերտների հետ քննարկել է մարդու իրավունքների ժամանակակից մարտահրավերներին առնչվող հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 20-ին այցելել է Շառլ Ազնավուրի անվան գրադարան, որտեղ հանդիպել է տարբեր դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում Պաշտպանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների դերը մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման առումով՝ ընդգծելով մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու արժանապատվության և մարդու՝ որպես բարձրագույն արժեքի ընկալման հիմնարար նշանակությունը։ Պաշտպանն ընդգծել է, որ դպրոցներում մարդու իրավունքների կրթությունն առանցքային դեր ունի ոչ խտրական և համերաշխ հասարակության ձևավորման գործում։
«Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր: Որպես Մարդու իրավունքների պաշտպան` կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար, այլ նաև՝ մարդկանց հետ աշխատանքը։ Չնայած մարդու իրավունքների ոլորտին առնչվող` ժամանակակից աշխարհում առկա բազում մարտահրավերներին` պետությունը պարտավոր է ապահովել իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ և շարունակաբար զարգացնել դրանք»,- նշել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը հատուկ անդրադարձել է երեխաների և երիտասարդների մասնակցության կարևորությանը որոշումների կայացման գործընթացներում, ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմին առընթեր գործող երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը, որը կարևոր հարթակ է երիտասարդների ներգրավվածության համար ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։ Որպես օրինակ` Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարտի 12-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի բարձր մակարդակի համաժողովում խորհրդի ներկայացուցիչ Տիգրան Մանուկյանի մասնակցությունը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով ոլորտում նոր գործիքների և մեխանիզմների շարունակական զարգացման անհրաժեշտությունը։
Ինտերակտիվ քննարկման ընթացքում աշակերտները բարձրացրել են իրենց հուզող հարցերը՝ կապված բուլինգի, խտրականության, անձնական տվյալների պաշտպանության, կրթության իրավունքի և ներառականության հետ։ Քննարկվել են կրթության իրավունքի ապահովման մարտահրավերները` հատկապես գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության հասանելիության խնդիրների համատեքստում։
Անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին և ներառական միջավայրի ձևավորման անհրաժեշտությանը։
Պաշտպանը կարևորել է կրթական հաստատությունների և ուսուցիչների դերակատարությունը՝ ապրումակցող և աջակցող միջավայր ձևավորելու գործում։
Գրադարանի տնօրեն Էլմիրա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին այցելության և բովանդակային քննարկման համար։
Ամփոփելով հանդիպումը՝ Պաշտպանը կարևորել է յուրաքանչյուր անհատի դերը մարդու իրավունքների պատշաճ համակարգ արմատավորելու գործում՝ ընդգծելով, որ իրավական մշակույթի փոփոխությունների համար էական է յուրաքանչյուր երիտասարդի ակտիվ մասնակցությունը և կոչ անելով համատեղ ջանքերով ձևավորել առավել արդար և ներառական հասարակություն։
Հանդիպման շրջանակերում «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոն» ՊՈԱԿ-ի աշակերտները հանդես են եկել պարային համարով:
Վերջին նորությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ երեխաներ, Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Հունիսի 1-ը կարևոր առիթ է` ևս մեկ անգամ վերահաստատելու, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորություններից են։

Անահիտ Մանասյանն այցելել է Սպիտակ համայնք․ ուշադրության կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների և տարեցների իրավունքների պաշտպանությունն է
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին աշխատանքային այց է իրականացրել Լոռու մարզի Սպիտակ համայնք։

ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, որպես ԱՊՀ երկրների Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամ, հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով միջազգային ստեղծագործական մրցույթի մեկնարկի մասին։
-6a44d0bf818c6.webp&w=1920&q=75)
Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ճանաչողական այցը ՄԻՊ աշխատակազմ
Ապրիլի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ Մարիետա Սոսոյանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Արագածոտնի մարզի Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի 7-12-րդ դասարանի աշակերտները:





























