Մենք պետք է մարդկանց սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. Պաշտպանը հանդիպումներ է ունեցել Գյումրիում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Գյումրի, հանդիպել հաշմանդամություն և սոցիալական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև  ծանոթացել «Արեգակ» ներառական փուռ-սրճարանի աշխատանքին:

Հանդիպմանը մասնակցել են «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնի ծրագրի ղեկավար Տիգրանուհի Հակոբյանը, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը,  «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը։

Պաշտպանը կարևորել է այս ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների գործունեությունը՝ ընդգծելով, որ իր աշխատանքի առաջանային ուղղություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը: Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների հետ քննարկել է նաև համագործակցության հարցեր՝ շեշտելով, որ պետությունը պետք է ստեղծի հավասար հնարավորություններ և պայմաններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ ինքնուրույն իրացնեն իրենց իրավունքները։

«Արեգակ» փուռ-սրճարանը հիանալի օրինակ է՝ ինչպես հնարավոր է բացահայտել հաշմանդամություն ունեցող երիտասարդների կարիքները, ստեղծել ներառական միջավայր և հնարավորություն տալ նրանց ինքնուրույն կյանք վարել: Մենք պետք է մարդկանց սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատենք նրանց ներուժը և բացառենք որևէ տեսակի մեկուսացում»,- հանդիպման ժամանակ նշել է Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել  է, որ կարևորում է նման նախաձեռնությունները և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել նմանատիպ գաղափարների տարածմանը:

Գյումրիում Արման Թաթոյանն առանձնազրույցներ է ունեցել նաև բնակիչների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները՝ տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն:

Մարզային այցի ժամանակ Արման Թաթոյանը հանդիպել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Կողմերը պայմանավորվել են քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանք իրականացնել: