Երեխա-ուսուցիչ փոխհարաբերություններում մշտապես պետք է պահպանվի փոխադարձ հարգանքը. Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպումն աշակերտների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Երևանի Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին:

Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել է children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն:

Երեխաները Մարդու իրավունքների պաշտպանին ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք մեծ մասամբ վերաբերել է երեխա-ուսուցիչ փոխհարաբերություններին:

«Երեխա-ուսուցիչ փոխհարաբերություններում մշտապես պետք է պահպանվի փոխադարձ հարգանքը: Երեխաները լսված լինելու իրավունք ունեն, ուսուցիչները երեխաներին առնչվող ցանկացած խնդրի լուծման ժամանակ պետք է առանջորդվեն երեխայի լավագույն շահով, բայց երեխաները միշտ պետք է հիշել ոչ միայն իրենց իրավունքների, այլ նաև պարտականությունների մասին»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Հանդիպման վերջում Արման Թաթոյանը հորդորել է երեխաներին լավ սովորել և խորհուրդներ է տվել համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ: