«Երեխայի իրավունքները երեխաների աչքերով» խորագրով համաժողովի բանախոս Գոհար Թովմասյանի ելույթը
Ողջույն բոլորին,
Հունիսի 1-ին բոլորը հիշում են երեխաներին, խոսում նրանց իրավունքների մասին, կարևորում շրջապատի վերաբերմունքը երեխաների նկատմամբ:
Իհարկե, մենք մեզ լավ ենք զգում…
Իսկ ի՞նչ է երեխայի իրավունքը:
Իմ կարծիքով երեխաները մեծերի նման մարդիկ են, ունեն բոլոր իրավունքները: Օրինակ ես, որ դպրոց եմ գնում, ուզում եմ ինքս ընտրել իմ հագուստը, ինքս որոշել ինչպես հարդարել մազերս… Բայց մեկ-մեկ մամայիս կամ տատիկիս հետ նույն կարծիքը չենք ունենում, ու ես տխուր եմ դպրոց գնում, քանի որ իմ ուզածը չի ստացվել:
Կամ ուզում եմ հեռախոսս տանել հետս դպրոց, բայց ծնողներս չեն թողնում: Այո, դա իմ իրավունքների ոտնահարում է, իմ ծնողների սեփականությունը հո չեմ ես: Մարդ եմ, բայց մի քիչ փոքր:
Հա մի բան էլ՝ ուզում եմ կոնտակտային լինզաներով դպրոց գնամ, բայց բժիշկներն ասում են ցանկալի է ակնոց կրեմ ևս մի քանի տարի, որ այլևս չկրեմ ակնոցներ և հավերժ շպրտեմ մի կողմ. Հիմա չեմ հասկանում սա ում իրավունքն է, բժշկի՞, թե` ի՞մ:
Բայց շտապեմ ասել, որ ես չեմ ուզում մեծերից, առավել խելացիներից առանձնանալ կամ նրանց խորհուրդները չլսել…
Իմ հայրիկի, մայրիկի, տատիկի ու պապիկի խորհուրդները շատ արժեքավոր են ինձ համար:
Ես, օրինակ, ձգտում եմ նմանվել իմ հայրիկին. Շատ աշխատասեր ու գործարար է իմ հայրիկը, իսկ ես՝ այնքան էլ չէ:
Ուզում եմ իմ մայրիկի պես կոկիկ լինել, իմ տատիկի նման համով ճաշիկներ պատրաստեմ, երբ մեծանամ, պապիկիս նման մարդասեր լինեմ…
Ես իրենց կնմանվեմ, բայց նաև ուզում եմ իմ անկախությունն էլ պահպանել:
Հաաա, նաև ես ուզում եմ խաղաղ երկրում ապրել, քանի որ իմ մյուս տատիկն ու պապիկը Վարդենիսում են ապրում ու ես մտածում եմ նրանց մասին:
Ես ուզում եմ ապրել անկախ երկրում, որտեղ բոլորը սիրում են իրար, որտեղ տարեցների ու փոքրիկների նկատմամբ հատուկ ուշադրություն կա:
Ես ուզում եմ ապրել հարուստ երկրում, որ ուրիշ երկրներից գան, տեսնեն, զարմանան, գնան…
Ու ես էս ամեն ինչն ունենալու համար պիտի լավ սովորեմ:
Մի քիչ գլուխ գովեմ, գերազանցիկն եմ մեր դասարանի…
Չմտածեք, արդեն ձեր և իմ իրավունքները պաշտպանելու տեղը իմացա, ուղիղ կգնամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
Գոհար Թովմասյան