Ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի համար ներկայացված հայտերը
Ավարտվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի համար ներկայացված հայտերի ուսումնասիրությունը։ Ընտրված թեկնածուները ներկայացնում են տարբեր համայնքներ, տարիքային ու սոցիալական տարբեր խմբեր։
Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդամության թեկնածուների հետ հանդիպում։
Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ու շնորհակալություն հայտնել հանդիպման մասնակիցներին՝ կարևորելով վերջիններիս դերը. «Այս խորհրդի ստեղծման նպատակը երեխայի իրավունքներին վերաբերող ամենալայն քաղաքականության հարցերով երեխաների ու երիտասարդների իրական ու իմաստալից մասնակցություն ապահովելն է»,-ասել է Պաշտպանը։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ասել է. «Անչափ ուրախ ենք, որ ապագա խորհրդի կազմը լինելու է ներառական՝ ընդգրկելով երեխաներ և երիտասարդներ, ովքեր կներկայացնեն բնակչության ամենատարբեր խմբերը: Սա ամրապնդելու է երեխաների և երիտասարդների ձայնը բարձրաձայնելու խորհրդի հանձնառությունը: ՅՈւՆԻՍԵՖ-ը պատրաստակամ է աջակցելու խորհրդի արդյունավետ գործունեությանը»:
Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակիցներին են ներկայացրել հասարակական խորհրդի շրջանակում արդյունավետ հաղորդակցության կարևորությունը, հաղորդակցության մեջ հնարավոր խոչընդոտները և հաղթահարման միջոցները, ինչպես նաև իրավունքների պաշտպանության հարցում երեխաների և երիտասարդների դերը, որոշումների կայացման գործընթացում նրանց մասնակցության և լսված լինելու իրավունքների սկզբունքներն ու կարևորությունը։ Մասնակիցները վեր են հանել և քննարկել են թեմատիկ մի շարք հիմնահարցեր, ինչպես նաև կիսվել են իրենց առաջարկներով ու դիտարկումներով՝ կապված հասարակական խորհրդի հետագա աշխատանքների պլանավորման հետ։
Հանդիպումն իրականացվել է Եվրամիության աջակցությամբ «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ։