Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց այն մասին, որ երեխաներին և անգործունակ չափահասներին հոգեբուժարան տեղավորելու և պահելու ժամանակ նրանց կարծիքը հաշվի չի առնվում։
Զեկույցն անդրադառնում է հոգեկան անձեռնմխելիության, անձնական ազատության և մի շարք այլ իրավունքների:
Արտահերթ զեկույցում, մասնավորապես, արձանագրված է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ անձի օրինական ներկայացուցչի համաձայնությունն արդեն իսկ համարվում է բավարար պայման երեխաների և անգործունակ չափահասների հոգեբուժական օգնության, այդ թվում՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար։ Արդյունքում, խախտվում են լսված լինելու և իրազեկված համաձայնությունը տալու նրանց իրավունքները։
Ավելին, օրենսդրական թերի կարգավորումների պատճառով պրակտիկայում հաճախակի են այն դեպքերը, երբ հոգեբուժարանում կամավոր բուժվող են համարվում այն անձինք, ովքեր այնտեղ պահվում են այն հիմքով, որ առկա է իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությունը:
Այս դեպքերում, սակայն, փաստացի նրանք պահվում և բուժվում են իրենց կամքին հակառակ, այսինքն՝ հարկադրաբար՝ դրանով իսկ մեխանիկորեն զրկվելով դատարանում հարկադիր բուժման հարցը բարձրացնելու հնարավորությունից։
Նշենք, որ խնդրի կարգավորման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան:
Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ: