«Կրթությունից դուրս մնացած երեխաները»
Ես ուզում եմ պատմեմ Էմանուելի մասին։ Էմանուելը մեր դպրոց եկավ փողոցից-այո՛, փողոցից։ Էմանուելը ոչնչով չէր տարբերվում մյուս աշակերտներից։ Շատ գծերով նույնիսկ առանձնանում էր․ ավելի բարձրահասակ էր, թիկնեղ և աչքի ընկնող։ Նա հրաշալի նախադրյալներ ուներ՝ օրինակելի աշակերտ, լավ մարդ դառնալու։
Բոլորս փորձում էինք հոգատարությամբ շրջապատել նրան։ Էմանուելը օր օրի փոխվում՝ ավելի ուրախ ու շփվող էր դառնում։
Սակայն ծնողների անպատասխանատու վերաբերմունքի պատճառով Էմանուելը դուրս մնաց կրթությունից։
Հիշու՛մ եմ այն օրը, երբ վերջին անգամ տեսա նրան, մուտքի մոտ բոլորից առանձնացած, կանգնած․ նրա աչքերում խեղճություն ու ցավ կար․ կամ գուցե ինձ թվաց։ Այդ օրվանից մեղքի զգացումը չի լքում ինձ։
Հիշողություններով հետ եմ վազում դպրոցի բակ ու բռնում եմ նրա ձեռքը որ մենակ չմնա։ Այսօր ինձ հնարավորություն է ընձեռվել բարձրաձայնելու Էմանուելների մասին։ Կրթությունից դուրս մնացած երեխաները օտարացած, մեկուսացված, արհամարհված են։
Այսօր, 3-5 տարեկան երեխաների շրջանում, սոցիալական անապահովությունը 53% է․ նրանց կեսից ավելին չի օգտվում վաղ կրթության որևէ ձևից։ 15-17 տարեկան դեռահասների 12%-ը չի հաճախում կրթական հաստատություններ։ Հաշմանդամության պատճառով կրթական գործընթացից դուրս են մնում չհայտնաբերված քանակով երեխաներ, քանի որ պաշտոնական տվյալները իրականությունից երբեմն շատ հեռու են։
Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է դասավորվում այդ երեխաների ճակատագիրը։ Հայտնվելով փողոցում՝ նրանք դառնում են շահագործման, բռնության և թրաֆիկինգի զոհ։ Հետո էլ զարմանում ենք, որ հանցագործությունների թիվը աճում է։
Երեխաները խոցելի խմբեր են, իսկ կրթությունից դուրս մնացած երեխաները առավել խոցելի են։ Կրթությունն է մարդուն տալիս հնարավորություն արժանապատիվ , բարեկեցիկ կյանքով ապրելու։ Երեխաները ոչ ոքի՝ այդ թվում նաև իրենց ծնողների սեփականությունը չեն։ Երեխաները նաև բարեսիրության անօգնական օբյեկտներ չեն։ Երեխաները անհատներ են՝ օժտված իրավունքներով և արժանապատվությամբ։
Հարգելի՛ որոշումներ կայացնողներ, հարգելի՛ մեծեր, մշակեք գործող օրենքներ, մշակեք գործող մեխանիզմներ, վերադարձրեք նրանց ընտանիք, դպրոց, հասարակություն։
Հարգելի՛ պատկան մարմիններ, մենք ծախս չենք, այլ ներդրում։ Այսօր առաջադեմ մարդկությունը ցանկանում է կառուցել արցունքից, բռնությունից և պատերազմներից զերծ աշխարհ, աշխարհ՝ հենված արդարության և հավասարության վրա։ Եվ հիշե՛ք, երեխաների հարցում խնայող, թերացող հասարակությունը խիստ թանկ է վճարում դրա համար։