Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին երրորդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ նշանակելուն աջակցելու հարցով:
Քաղաքացին տեղեկացրել է, որ երրորդ երեխան ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում, երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինը:
Նա երրորդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ նշանակելու խնդրանքով սահմանված ժամկետում դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովության պետական ծառայություն, սակայն մերժվել է այն պատճառաբանությամբ, որ չի ներկայացրել Ռուսաստանի Դաշնությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:
Քաղաքացու պնդմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից հրաժարվում են իրեն տրամադրել փաստաթուղթ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ ստացած չլինելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ ո´չ երեխան, ո´չ էլ երեխայի ծնողները չեն հանդիսանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ:
Պաշտպանը քննարկման ընթացակարգի շրջանակում գրություն է հասցեագրել Աշխատանքի և սոցիալական հարցերին նախարարություն: Արդյունքում, հարցում է կատարվել ՌԴ իրավասու մարմին՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու համար և պատասխանի արդյունքներով քաղաքացուն նշանակվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ` երրորդ երեխայի համար սահմանված չափով: