Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել ինչպես 16-ամյա աղջկա մահվան դեպքի առնչությամբ նրա իրավունքների, այնպես էլ մեղադրյալի հոր բողոքների հարցերով

Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել ինչպես 16-ամյա աղջկա մահվան դեպքի առնչությամբ նրա իրավունքների հարցով, այնպես էլ աղջկա սպանության մեջ մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հոր՝ Արա Սուքիասյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած երկու բողոքների վերաբերյալ:

Պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 22-ին չհայտարարված այցի շրջանակում Արմավիր քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց են ունեցել տասնվեցամյա աղջկա մահվան գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանի հետ: Նա առանձնազրույցի ընթացքում ներկայացրել է քրեական վարույթի հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Կալանավորված անձը ներկայացրել է նաև պահման պայմանների հետ կապված հարց, որը քննարկվել է Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և տեղում ստացել է լուծում:

Նշենք, որ Պաշտպանին հասցեագրած առաջին բողոքով Արա Սուքիասյանը բարձրացրել է որդու անմեղության կանխավարկածի խախտման հարցը, ինչպես նաև հեռախոսակապով հայտնել մտահոգություն Քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների առնչությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Միջոցներ են ձեռնարկվել Ռաֆայել Սուքիասյանի իրավունքների հետ կապված:

Երկրորդ բողոքը Արա Սուքիասյանը Պաշտպանին հասցեագրել է օրեր առաջ՝ վրեժխնդրության հիմքով իր դստեր նկատմաբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ:

Երկու բողոքներն էլ սահմանված կարգով ընդունվել են քննարկման: