ՀԻՇԵՑՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ բոլորս յուրովի նշանավորեցինք երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Երեխայի իրավունքների երաշխավորներն ու պաշտպաններն անշուշտ մեծահասակներն են։
Երեկվա միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հիշեցնել, որ երեխայի կարծիքի ազատ արտահայտման, այդ թվում՝ քաղաքական բնույթի հավաքներին գիտակցված ու տեղեկացված մասնակցության իրավունքի իրացումը բխում է երեխայի լավագույն շահից։
Պաշտպանը հատուկ շեշտում է, որ մենք բոլորս պետք է խրախուսենք ու պայմաններ ստեղծենք սեփական կարծիքն արտահայտելու համար երեխայի գիտակցված և իմաստալից մասնակցության համար։ Սա նաև նշանակում է, որ որևէ միջոցառման կամ հավաքի երեխաների մասնակցությունը չպետք է միջոց դարձնել մեծահասակների քաղաքական կարծիքի արտահայտման համար։