Հայաստանում Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորել է ջանքերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ՝ աջակցելու Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործարկմանը: Հասարակական խորհրդի գործունեությունը կնպաստի երկրում երեխայի իրավունքների անկախ մշտադիտարկմանը և կամրապնդի երեխաների՝ իրենց վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու և կարծիք արտահայտելու իրավունքները: Սա կարևոր քայլ է Հայաստանում երեխաների մասնակցությունն ապահովելու առումով, քանի որ առաջին անգամ է, որ պաշտոնապես ստեղծվում է նման հասարակական խորհուրդ։
Նոյեմբերի 18-ին և 19-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԻՊ-ի աշխատակազմը խորհրդի անդամներին ներկայացրել են Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, Հայաստանում երեխայի իրավունքներին առնչվող իրավական դրույթները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԻՊ-ի աշխատակազմը նաև իրականացրել են խորհրդի անդամների կարողությունների զարգացում, փաստերի հավաքագրման, հրապարակային խոսքի և քարոզչության, ինչպես նաև հոգեկան առողջության և բուլինգի թեմաներով քննարկումներ: Թեմաները նախապես ընտրվել են խորհրդի անդամների կողմից:
ՄԻՊ աշխատակազմը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ատեղծման պատմությունը, անդրադարձել է՝ ինչ է անում աշխատակազմը երեխայի իրավունքների պաշտպանության համար, ինչ մեխանիզմներ են կիրառվում: Խորհրդի հետ իրականացվել են ֆոկուսային քննարկումներ իրավիճակային խնդիրների լուծման վերաբերյալ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակազմը ներկայացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերը Երեխայի իրավունքների կոնվենցիայի դրույթների իրականացման հարցում, քննարկվել են երեխայի տարբեր իրավունքներ, Հայաստանում երեխաների իրավունքների ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց հնարավոր լուծումներ:
Միջոցառումներին ներկա էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակից և Մանկական Եվրատեսիլի հաղթող Մալենան: «Եկել է ժամանակը, որ մենք՝ երեխաներս, կարողանանք ավելի վստահ բարձրաձայնել մեր խնդիրները և մեծերից պահանջենք՝ ապահովել յուրաքանչյուր երեխայի յուրաքանչյուր իրավունքի իրացումը: Ուրախ եմ ծանոթանալու հասարակական խորհրդի անդամների հետ և մաղթում եմ արդյունավետ աշխատանք»,- ողջույնի խոսքում նշել է Մալենան:
Նոյեմբերի 20-ին կկայանա խորհրդի անդրանիկ նիստը, որը կավարտվի տարբեր գերատեսչությունների և այլ կառավարական մարմինների որոշում կայացնողների հետ հարցուպատասխանի հանդիպում-քննարկմամբ:
Հ.Գ.
Վերապատրաստումներն իրականացվում են Եվրոպական միության աջակցությամբ։