Բարև ձեզ հարգելի ներկաներ, այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է և այդ առիթով ուզում եմ շնորհավորել աշխարհի բոլոր մանուկներին ՝ ցանկանալով նրանց գույներով լեցուն, անհոգ և խաղաղ մանկություն։
Շնորհակալ եմ նման միջոցառում կազմակերպելու համար և շատ ուրախ եմ, որ մենք ևս կարողացանք մասնակից դառնալ այս միջոցառմանը։
Այսօր կխոսեմ իմ հասակակիցներին առնչվող խնդիրների մասին ՝ կապված նրանց հանգստի իրավունքի, սոցիալական վիճակի, գյուղի երեխաների սահմանափակ հնարավորությունների և այլնի հետ։
Երբեմն, հատկապես գյուղական միջավայրերում, մենք առնչվում ենք այն խնդրի հետ, երբ դպրոցահասակ երեխաները ՝ ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով, հաճախ ստիպված են լինում դասերից հետո, երբեմն նաև դասերի փոխարեն՝ աշխատելու այս կամ այն վայրերում ՝ընտանիքի ֆինանսական դրությունը փոքր – ինչ մեղմելու նպատակով։
Մենք բոլորս էլ տեղյակ ենք,որ յուրաքանչյուր անձ ունի հանգստի իրավունք, մինչդեռ շատ երեխաներ այն ժամանակը, որ կարող են տրամադրել իրենց հանգստին և նախասիրություններին, նրանք այդ ժամանակն օգտագործում են հանուն իրենց ընտանիքի բարորության։
Սակայն, այս դեպքում էլ, այդ երեխաների աչքերում դժգոհության մի նշույլ անգամ չի հայտնաբերվի։ Նման երեխաները մեր օրերում յուրովի անհատականություն են ՝ արտաքնապես գուցե կիսամաշ հագուստով, բայց ներքուստ ՝ լեցուն կյանքով։
Գյուղական միջավայրում երեխաներին առնչվող մյուս խնդիրը կապված է գյուղի երեխաների սահմանափակ հնարավորությունների հետ։
Մեր գյուղում մշակութային կյանքը բավականին թերզարգացած է և չկա մշակութային եռուզեռ։ Հաճախ գյուղի տարեց մարդկանցից, ուսուցիչներից լսում եմ, որ այն ժամանակ բազմաթիվ թատերական ներկայացումներ են բեմադրվել մեր գյուղում, որոնց մասին նրանք մեծ ոգևորությամբ են խոսում, մինչդեռ մեր սերնդի համար այն երազային տեսիլք է թվում։
Մենք ունենք լավ վիճակում գտնվող մշակույթի տուն, հանդիսությունների դահլիճ, ունենք 1000-ից ավել հանդիսատես, որոնց պակասում են միայն թատրոնը, դերասանները և ի վերջո մշակույթի շունչը։
Մենք դասագրքերում սերտում ենք մեծ թատերագիրների կենսագրություններն ու նրանց գլուխգործոցները։ Բայց ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։ Եվ եթե մենք չենք կարողանում գնալ քաղաք ՝ թատերգություններ նայելու, ապա թող քաղաքը գա մեզ մոտ ՝ իր հետ բերելով մշակույթի կենարար շունչը Լեռնային Տավուշ։
Այսքանն էի նախատեսել ներկայացնելու համար այս միջոցառման շրջանակներում։ Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու և ինձ լսելու համար։ Հուսով եմ, որ ինչ-որ չափով կկարողանանք օգտակար լինել այն բոլոր երեխաներին, ովքեր առնչվում են նման խնդիրների հետ։