«Երեխայի իրավունքները երեխաների աչքերով» համաժողովի մասնակից Լուսիա Հարությունյանի ելույթը

 Մեր օրերում ողջ աշխարհը և հատկապես Հայաստանը գտնվում է պատերազմական թոհուբոհի մեջ, ինչը նշանակում է մարդկանց իրավունքների ոտնահարում, մասնավորապես երեխաների իրավունքների ոտնահարում, անառողջ մանկություն, անլիարժեք հասարակություն։

      Մենք գիտակցում ենք, որ ուժն է ստեղծում իրավունք, գիտենք, որ հայ Զինվորն է մեր պետության անվտանգությունն ապահովողը, սակայն … հասկանում ենք նաև, որ ամենակուլ աշխարհը կանգ չի առնում ոչնչի առաջ, և փոքր ազգերի գլխին աներևույթ Դեմոկլյան սրի պես կախվում է պատերազմը, խեղվում են ճակատագրեր, կյանքեր,,,

Սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև Արցախում երեխաներն ապրում են մշտական վախի զգացումով։ Դպրոցները, կրթամշակութային հաստատությունները, խաղաղ բնակիչները մշտապես գտնվում են թշնամու նշանառության տակ՝ նույնչափ վտանգվելով, որչափ սահմանից այն կողմ գտնվող թշնամու երեխաները… Եվ այս ամենը չի նկատում աշխարհը։ Խնդրի առաջին լուծումը հարցի միջազգայնացումն է, ապահովության երաշխիքները, սակայն… ինչ երաշխիքներ կարող են օգնել երեխաներին այս գիշատիչ աշխարհում, երբ թույլերը կուլ են գնում ուժեղների պայքարում։ 

      Դիցուք, մի օրինակ, 2020 թվականի 44 -օրյա պատերազմի հետևանքով Հադրութից Գուգարք տեղահանված և հրաշքով ողջ մնացած բազմազավակ ընտանիքի մի երեխա մեր դպրոցն էր գալիս։ Ես տեսել եմ, թե ինչպես էր այդ երեխան դողում և կորցնում խոսելու ունակությունը, երբ օդանավ էր անցնում խաղաղ երկնքով, երբ մեծահասակների բարձր ձայներ էր լսում, որոնք երեխայի մոտ տագնապ էին առաջացնում՝ փախուստի վախերը հիշեցնելով։ Չէի ուզենա լսել, բայց լսեցի այդ երեխայի տատիկի զրույցն ուսուցչի հետ, երբ տատիկն ասում էր, որ մի շաբաթվա ուտելիք է մնացել, իսկ երեխաներին սոված չես թողնի…

      Եվ հենց այդ երեխայի օրինակն էլ ստիպեց ինձ ընտրել այս թեման։

      Լռե՞նք… ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞…

      Հոգեպես չվերականգնված, ծննդավայր վերադառնալու երազանքը փայփայող երեխաներին դժվար թե համոզես, որ մարդիկ բարի են, որ պիտի լավ սովորես, պիտի հարմարվես իրականության հետ…

      Ի՛նչն է պակասում աշխարհին, հարգելի՛ մեծահասակներ , որ ի վերջո պատերազմները դադարեն, մարդիկ դադարեն սպանել միմյանց, երեխաները վայելեն խաղաղ երկնքի տակ ապրելու, ստեղծագործելու, կրթություն ստանալու իրավունքն ու բերկրանքը, հասարակության համար լավ մարդ ու արժանապատիվ քաղաքացի դառնալու հնարավորությունն ու պատիվը։

     Սերն է պակասում աշխարհին, մարդուն…

     Սերը և հանդուրժողականությունը։

     Խնդրում եմ՝ պաշտպանեք երեխաներին, լավ օրինակ դարձեք երեխաների համար, կամ… թույլ տվեք մենք լինենք բարության և սիրո թարգմանիչ աշխարհի համար, աշխարհի առաջ։